Փորձենք հասկանալ` կա՞ հեռավոր կապ դեկտեմբերի 1-ին մեկնարկող անհնազանդությունների և, ոչ պաշտոնական տվյալներով, նույն կամ մերձակա օրերին սպասվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումների միջև:
Մի կողմ թողնենք դավադրությունների տեսությունը և արձանագրենք, որ քաղաքականության մեջ, այն էլ մեծ քաղաքականության, պատահականություններ չեն լինում, իսկ որ ղարաբաղյան խնդիրը նման մեծ «հանգույց» է, այն էլ` փոթորկվող այս տարածաշրջանում, կասկածել պետք չէ:
Ընդ որում, հետաքրքիր է, որ նախնական լրատվական արտահոսքով հանդիպումը տեղի է ունենալու Փարիզում: Դա այն Փարիզն է, որտեղ տեղի ունեցավ ահաբեկչությունների հզոր շարքը: Հավաքենք ծայրերն ու վարկածները:
Նախ, ելնելով ամրագրված պրակտիկայից, պետք է ասել, որ մինչ այդ մի քանի անգամ փսորված փարիզյան սպասվելիք հանդիպումն ընդամենը «գալոչկայի» համար է, ինչն էլ ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է իրականացնել, ասելու համար, որ բանակցային գործընթացը դեռ չի մեռել: Քաղաքագիտորեն ձևակերպած` վերահսկողության տակ պահել «ահաբեկիչ» Ալիևին և նրա ռազմական նկրտումները:
Բայց և ակնառու են ռուսական կողմի այսբերգային լուրջ գործողություններն այս առնչությամբ. Բակո Սահակյանը հրավիրվեց «Ղարաբաղյան օրերի»` Մոսկվայի սրտում, ու հենց այդ «սրտից» էլ հայտարարեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է «մասնակցել» ահաբեկչությունների կանխման գործընթացին: Ապա ռուս փորձագետներից մեկը հայտարարեց, թե անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրներից մեկը ստանձնի խնդրի կարգավորման առաջնությունն ու «ծանրությունը» և ճնշի կողմերին, որպեսզի «համաձայնություն» տեղի ունենա: Սա, արձանագրենք, նորամուծություն է գործընթացի պատմության մեջ, որովհետև հասկանալի է, թե այդ «մեկը» որ երկիրը կարող է լինել և ինչու:
Ասել է` Ռուսաստանն իր ռեսուրսները ղարաբաղյան «գետնին» վրա բերում է թիվ մեկ պատրաստվածության` ի անհրաժեշտություն դրանք գործողությունների վերածելու համար:
Թիվ մեկ պատրաստվածության են բերվում նաև հայաստանյան ներքաղաքական ուժերը` դեկտեմբերի 1-ին մեկնարկելիք անհնազանդությանն ընդառաջ: Ովքե՞ր: Շահառուները կարող են լինել տարբեր` և՛ ներքին, և՛ արտաքին խաղացողներ: Ներքինների մեջ, հայտնի է, նույն «Հիմնադիր խորհրդարանը», յուր Եղնուկյանը ուղիղ կապ ունեն Վարդան Օսկանյանի «Սիվիլիթասի», հետևաբար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ովքեր շատ լավ հասկանում են, որ եթե չլինի արտաքին «միջամտություն», անհնազանդների «պաթոսն» ինչպես սկսվի, այնպես էլ կմարի, արանքում գուցե «պակասի» մի լայն ճակատ, ասել է` որոշակի բախումներ լինեն ոստիկանության հետ, ոմանք բերման ենթարկվեն: Բոլոր դեպքերում, ներքաղաքական այդ տանդեմը փայտը ձեռքից ցած չի դնում, կազմ ու պատրաստ «նայում» է զարգացումներին:
Կլինի՞ արտքաղաքական հետք` Ալիև-Սարգսյան հանդիպման ֆոնին անհնազանդների վարքագծում: Կարծում ենք` ոչ, սակայն չի բացառվում, որ նույն այդ հանդիպման ընթացքում որոշակի ճնշում լինի կողմերի վրա, ինչն էլ առարկայանա անհնազանդների գործողություններով: Բայց` ոչ ավելին: Մանավանդ որ հայաստանյան իշխանությունները նույնպես ձեռքները ծալած չեն նստել:
Չմոռանանք` ընդդիմադիրները դեկտեմբերի 1-ին ընդառաջ են գնում երկու ճակատով` Լևոն Զուրաբյան և Ժիրայր Սէֆիլյան, երկու «ճակատներն» էլ դիմել են քաղաքապետարան` հանրահավաքի թույլտվության համար, երկուսն էլ ստացել են: Եվ, ի անհրաժեշտություն, չի բացառվում, որ նրանց միջև «խզում» առաջանա:
Եթե իշխանություններին պետք լինի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ